Յառաջագոյն քան զտօնն զատկի, գիտաց Յիսուս՝ թէ հասեալ է ժամ նորա զի փոխեսցի յաշխարհէ աստի առ հայր, սիրեաց զիւրսն՝ որ յաշխարհի աստ են. ի սպառ սիրեաց զնոսա։
Եւ ի լինել ընթրեացն, սատանայի իսկ արկեալ էր սիրտ՝ զի մատնեսցէ զնա Յուդա Սիմովնի Իսկարիովտացւոյ։
Գիտաց Յիսուս զի զամենայն ինչ ետ հայր ի ձեռս նորա եւ թէ յԱստուծոյ ել՝ եւ առ Աստուած երթայ։
Յառնէ յընթրեաց անտի, եւ դնէ զհանդերձսն, եւ առեալ ղենջակ մի սփածաւ։
Եւ ապա առեալ ջուր՝ արկ ի կոնք, եւ սկսաւ լուանալ զոտս աշակերտացն, եւ սրբէր ղենջակաւն զոր սփածեալ էր։
Գայ առ Սիմովն Պետրոս։ եւ Նա ասէ ցնա. Տէր՝ դու զիմ զոտս՝ լուանաս։
Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ. զոր ինչ եսս գործեմ, դու այժմ ոչ գիտես, բայց ապա գիտասջիր։
Ասէ ցնա Պետրոս. ոչ լուասցես զոտս իմ յաւիտեան։ Պատասխանի ետ Յիսուս. եթէ ոչ լուացից զքեզ, ոչ ունիս ընդ իս մասն։
Ասէ ցնա Սիմովն Պետրոս. տէր՝ մի միայն զոտս իմ, այլ եւ զձեռս՝ եւ զգլուխ։
Ասէ ցնա Յիսուս. լուացելոյն չէ ինչ պիտոյ, բայց զի զոտսն լուանայցէ։ քանզի ամենեւին սուրբ. է եւ դուք սուրբ էք, այլ ոչ ամենեքեան։
Զի գիտէր զայն որ մատնելոցն էր զնա. վասն այսորիկ ասաց՝ թէ ոչ ամենեքեան սուրբ էք։
Եւ յորժամ լուաց զոտս նոցա, առ զհանդերձսն իւր՝ եւ դարձեալ բազմեցաւ, եւ ասէ ցնոսա. գիտէք զինչ արարիդ ձեզ։
Դուք կոչէք զիս վարդապետ եւ տէր, եւ բարւոք առնէք. քանզի եմ իսկ։
Իսկ արդ՝ եթէ ես լուացի զոտս ձեր՝ տէրս եւ վարդապետս, եւ դուք պարտիք զմիմեանց ոտս լուանալ։
Զի օրինակ մի ետու ձեզ, զի որպէս ես ձեզ արարի, եւ դուք առնիջիք։
Ամէն ամէն ասեմ ձեզ. ոչ է ծառայ՝ մեծ քան զտէր իւր. եւ ոչ առաքեալ՝ մեծ քան զայն որ առաքեացն զնա։
Եթէ զայս գիտէք, երանելի եւս էք՝ եթէ առնիցէք զայս։
Ոչ վասն ամենեցուն ձեր ասեմ. զի ես գիտեմ զորս ընտրեցիդ. այլ զի լցցի գիրն, թէ որ ուտէր ընդ իս հաց՝ արար ինձ խաբէութիւն։
Յայսմ հետէ իսկ ասեմ ձեզ մինչչեւ եղեալ, զի յորժամ լինիցի՝ հաւատասջիք թէ ես եմ։
Ամէն ամէն ասեմ ձեզ. որ ընդունի՝ զոր ոք ես առաքեցից, զիս ընդունի. եւ որ զիս ընդունի՝ ընդունի զայն որ առաքեացն զիս։
Զայս իբրեւ ասաց Յիսուս, խռովեցաւ յոգի իւր, վկայեաց եւ ասէ. ամէն ամէն ասեմ ձեզ, զի մի ոմն ի ձէնջ մատնելոց է զիս։
Հայէին ընդ միմեանս աշակերտքն տարակուսեալք, թէ զումմէ ասիցէ։
Եւ էր մի ոմն յաշակերտացն բազմեալ առ Յիսուսիւ, զոր սիրէրն Յիսուս։
Ակնարկէր նմա Սիմովն Պետրոս հարցանել՝ ով իցէ վասն որոյ ասէն։
Եւ նա՝ անկեալ զլանջօքն Յիսուսի, ասէ ցնա. Տէր ով է։
Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ. այն է՝ որում ես թացից զպատառն եւ տաց։ Եւ թացեալ զպատառն՝ տայ Յուդայի Իսկարիովտացւոյ։
Եւ յետ պատառոյն՝ ապա եմուտ ի նա սատանայ։ Եւ ասէ ցնա Յիսուս. արդ՝ որ զինչ առնելոցն ես՝ արա վաղվաղակի։
Եւ զայս ոչ ոք իմացաւ ի բազմականաց անտի՝ թէ առ ինչ ասաց ցնա։
Զի ոմանք՝ համարէին թէ զի զարկղն ունէր Յուդա, ասաց նմա Յիսուս, գնեա ինչ որ պիտոյ իցէ մեզ ի տօնիս. եւ կամ զի աղքատաց ինչ տացէ։
Իսկ նորա առեալ զպատառն՝ ել արտաքս վաղվաղակի, եւ էր գիշէր։
Եւ իբրեւ ել, ասէ Յիսուս. այժմ փառաւորեցաւ որդի մարդոյ, եւ Աստուած փառաւորեցաւ ի նմա։
Զի եթէ Աստուած փառաւորեցաւ ի նմա, եւ Աստուած փառաւորեսցէ զնա յանձն իւր. եւ վաղվաղակի փառաւորեսցէ զնա։
Որդեակք իմ, փոքր ինչ ժամանակ ընդ ձեզ եմ. խնդրեցէք զիս, եւ որպէս ասացի ցՀրեայսն, եթէ ուր եսն երթամ դուք ոչ կարէք գալ։ Եւ արդ՝ ձեզ ասեմ։
Պատուիրան նոր տամ ձեզ. զի սիրեցէք զմիմեայնս. որպէս սիրեցի ես զձեզ, զի եւ դուք սիրեսջիք զմիմեանս։
Յայսմ գիտասցեն ամենեքեան՝ եթէ իմ աշակերտք էք, եթէ սիրիցէք զմիմեանս։
Ասէ ցնա Սիմովն Պետրոս. Տէր յով երթաս։ Պատասխանի ետ Յիսուս. ուր եսն երթամ. դու՝ ոչ կարես այժմ գալ զկնի իմ, բայց ապա եկեսցես զկնի իմ։
Ասէ ցնա Պետրոս. Տէր ընդէր ոչ կարիցեմ գալ այժմ զկնի քո. արդէն զանձն իմ իսկ եդից ի վերայ քո։
Պատասխանի ետ Յիսուս. զանձն քո դիցես ի վերայ իմ. ամէն ամէն ասեմ քեզ. չեւ իցէ հաւու խօսեալ, մինչ դու երիցս ուրասցիս զիս։