Եւ մինչդեռ անցանէր, ետես այր մի կոյր ի ծնէ,
Եւ հարցին ցնա աշակերտքն նորա եւ ասեն. Ռաբբի, ոյր վնաս է, սորա՝ թէ հօր եւ մօր իւրոյ՝ զի կոյր ծնաւ։
Պատասխանի ետ Յիսուս. ոչ դորա վնաս է, եւ ոչ հօր եւ մօր իւրոյ. այլ զի յայտնի լիցին գործքն Աստուծոյ ի դմա։
Եւ ինձ պարտ է՝ գործել զգործս այնորիկ որ առաքեացն զիս՝ մինչ աւուր կայ. գայ գիշեր՝ յորժամ ոչ ոք կարէ գործել։
Մինչդեռ յաշխարհի եմ, լոյս եմ աշխարհի։
Զայս իբրեւ ասաց, եթուք ի գետին՝ եւ արար կաւ ի թքոյն, եւ ծեփեաց զկաւն ի վերայ աչաց կուրին։
Եւ ասէ ցնա. երթ լուա յաւազանին Սիլովամայ. որ թարգմանի՝ առաքեալ. չոգաւ լուացաւ, եկն եւ տեսանէր։
Իսկ դրացիքն՝ եւ որոց տեսեալն էր զնա յառաջագոյն՝ թէ մուրացիկ էր, ասէին. ոչ սա էր որ նստէրն եւ մուրանայր։ Կէսքն ասէին. նա է։
Այլքն ասէին՝ ոչ այլ նման է նմա։ եւ ինքն ասէր՝ թէ ես եմ։
Ասեն ցնա. իսկ զիարդ բացան աչք քո։
Նա ետ պատասխանի. այր մի որում Յիսուսն ասեն, կաւ արար՝ եւ ծեփեաց զաչս իմ, եւ ասէ ցիս. երթ ի սիլովամ՝ եւ լուա՝ չոգայ լուացայ՝ եւ տեսանեմ։
Ասեն ցնա. ուր է նա. ասէ ցնոսա. ոչ գիտեմ։
Ածին առ Փարիսեցիսն զնա, որ երբեմն կոյր էր։
Եւ էր շաբաթ՝ յորժամ զկաւն արար Յիսուս։ եւ եբաց զաչս կուրին։
Դարձեալ հարցանէին զնա եւ Փարիսեցիքն, թէ զիարդ տեսանես։ եւ նա՝ ասէ ցնոսա. կաւ եդ ի վերայ աչաց իմոց, եւ լուացայ՝ եւ տեսանեմ։
Ասեն ոմանք ի Փարիսեցւոցն. ոչ է այրն այն յԱստուծոյ. զի շաբաթս ոչ պահէ։ Կէսքն ասէին. իսկ զիարդ կարէ մարդ մեղաւոր՝ այսպիսի նշանս առնել։ եւ էին հերձուածք ի մէջ նոցա։
Ասեն դարձեալ ցկոյրն. դու զի ասես վասն նորա՝ զի եբաց զաչս քո։ Եւ նա ասէ՝ թէ մարգարէ է։
Եւ ոչ հաւատային Հրէայքն զնմանէ՝ թէ կոյր էր՝ եւ բացաւ, մինչեւ կոչեցին զծնօղս բացելոյն։
Հարցին ցնա եւ ասեն, սա է որդին ձեր, զորմէ դուքն ասէիք եթէ կոյր ծնաւ. արդ զիարդ տեսանէ։
Պատասխանի ետուն ծնօղքն նորա՝ եւ ասեն. գիտեմք զի սա է որդին մեր, եւ զի կոյր ծնաւ.
Բայց զիարդ այժմդ տեսանէ, ոչ գիտեմք. կամ թէ ով եբաց զաչս դորա, մեք ոչ գիտեմք. ցդա իսկ հարցէք, ինքնին ի չափ հասեալ է. ինքն իսկ խօսեսցի վասն իւր։
Զայս ասացին ծնօղքն նորա, զի երկնչէին ի Հրէիցն. քանզի ուխտ եդեալ էր Հրէից, եթէ ոք խոստովանեսցէ զնա Քրիստոս՝ ի բաց կացցէ ի ժողովրդենէն։
Վասն այնորիկ ասացին ծնօղքն նորա, թէ ինքնին ի չափ հասեալ է՝ ցնա իսկ հարցէք։
Դարձեալ կրկին անգամ կոչեցին զայրն որ կոյրն էր, եւ ասեն ցնա. տուր փառս Աստուծոյ. մեք գիտեմք զի այրն այն մեղաւոր է։
Եւ նա ասէ. թէ մեղաւոր իցէ՝ ես ոչ գիտեմ. բայց զայս գիտեմ, զի կոյր էի՝ եւ արդ տեսանեմ։
Դարձեալ ասեն ցնա. զինչ արար քեզ. զիարդ եբաց զաչս քո։
Պատասխանի ետ նոցա, այժմ ասացի ձեզ՝ եւ ոչ լուարուք. զի կամիք միւսանգամ լսել. միթէ եւ դուք կամիք աշակերտել նմա։
Նոքա հայհոյէին զնա՝ եւ ասէին. դու լիջիր նորա աշակերտ. մեք՝ Մովսիսի աշակերտք եմք։
Մեք գիտեմք՝ զի ընդ Մովսիսի խօսեցաւ Աստուած. զսա ոչ գիտեմք ուստի է։
Պատասխանի ետ այրն՝ եւ ասէ ցնոսա. այդ իսկ են սքանչելիք. զի դուք ոչ գիտէք ուստի իցէ, եւ զիմ զաչս եբաց։
Գիտեմք զի Աստուած՝ մեղաւորաց ոչ լսէ. բայց թէ Աստուածապաշտ ոք իցէ, եւ զկամս նորա առնիցէ, նմա լսէ։
Ի յաւիտենից ոք ոչ լուաւ՝ եթէ եբաց ոք զաչս կուրի ի ծնէ կոյր ծնելոյ։
Եթէ ոչ յԱստուծոյ էր այրն այն, ոչ կարէր առնել ինչ։
Պատասխանի ետուն՝ եւ ասեն ցնա. ի մեղս իսկ ծնեալ ես ամենեւին, եւ դու վարդապետ լինիս մեր։ Եւ հանին զնա արտաքս։
Լուաւ Յիսուս եթէ հանին զնա արտաքս, եւ իբրեւ եգիտ զնա՝ ասէ ցնա. դու հաւատաս յորդի Աստուծոյ։
Նա պատասխանի ետ՝ եւ ասէ. տէր ով է՝ զի հաւատացից ի նա։
Ասէ ցնա Յիսուս. տեսեր զնա, եւ որ խօսիդ ընդ քեզ՝ նա է։
Եւ նա ասէ. հաւատամ տէր. եւ երկիր եպագ նմա։
Եւ ասէ Յիսուս. ի դատաստանս եկի յաշխարհս յայս, զի որ ոչն տեսանեն՝ տեսցեն, եւ որք տեսանենն՝ կուրասցին։
Լուան ոմանք ի Փարիսեցւոցն՝ որք ընդ նմա էին, եւ ասեն ցնա. միթէ եւ մեք կոյր իցեմք։
Ասէ ցնոսա Յիսուս. եթէ կոյրք էիք՝ ոչ էր ձեր մեղ. բայց արդ ասէք՝ թէ տեսանեմք, եւ մեղքն ձեր ի ձեզ հաստատեալ են։