Ամէն ամէն ասեմ ձեզ. որ ոչ մտանէ ընդ դուռն ի գաւիթ ոչխարացն, այլ ընդ այլ ելանէ, նա գող է եւ աւազակ։
Իսկ որ մտանէ ընդ դուռն, հովիւ է ոչխարաց։
Նմա դռնապանն բանայ, եւ ոչխարքն ձայնի նորա լսեն. եւ զիւր ոչխարսն կոչէ յանուանէ, եւ հանէ զնոսա։
Եւ յորժամ զիւրն զամենայն հանիցէ, առաջի նոցա երթայ, եւ ոչխարքն զհետ նորա երթան, զի ճանաչեն զձայն նորա։
Զօտարի զհետ ոչ երթիցեն, այլ փախիցեն ի նմանէ, զի ոչ ճանաչեն զձայն օտարաց։
Զայս առակ՝ ասաց նոցա Յիսուս, եւ նոքա ոչ գիտէին՝ թէ զինչ էր որ խօսէր ընդ նոսա։
Դարձեալ՝ ասէ ցնոսա Յիսուս. ամէն ամէն ասեմ ձեզ, զի ես եմ դուռն ոչխարաց։
Ամենեքեան որ յառաջ քան զիս եկին, գողք էին եւ աւազակք. այլ ոչ լուան նոցա ոչխարքն։
Ես եմ դուռն. ընդ իս թէ ոք մտանիցէ, կեցցէ. մտցէ, եւ ելցէ, եւ ճարակ գտցէ։
Գող ոչ գայ՝ եթէ ոչ զի գողասցի եւ սպանցէ եւ կորուսցէ. ես եկի զի զկեանս ունիցին, եւ առաւել եւս ունիցին։
Ես եմ հովիւն քաջ. հովիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց։
Իսկ վարձկանն որ ոչ է հովիւ, որոյ ոչ իւր են ոչխարքն, իբրեւ տեսանէ զգայլն զի գայ, թողու զոչխարսն եւ փախչի. եւ գայլն յափշտակէ զնոսա եւ ցրուէ.
Քանզի վարձկան է, եւ չէ փոյթ նմա վասն ոչխարացն։
Ես եմ հովիւն քաջ. եւ ճանաչեմ զիմսն, եւ ճանաչիմ յիմոցն։
Որպէս գիտէ զիս հայր, գիտեմ եւ ես զհայրն. եւ զանձն իմ դնեմ ի վերայ ոչխարաց։
Նա՝ եւ այլ եւս ոչխարք են իմ, որ ոչ են յայսմ գաւթէ. եւ զայնս եւս պարտ է ինձ ածել այսր. եւ ձայնի իմում լուիցեն, եւ եղիցին մի հօտ՝ եւ մի հովիւ։
Վասն այնորիկ սիրէ զիս հայր իմ, զի ես դնեմ զանձն իմ. զի միւսանգամ առից զնա։
Ոչ ոք հանէ զնա յինէն. այլ ես դնեմ զնա անձամբ իմով։ Իշխանութիւն ունիմ դնել զնա. եւ իշխանութիւն ունիմ միւսանգամ առնուլ զնա։ զայս պատուէր առի ի հօրէ իմմէ։
Դարձեալ հերձուած լինէր ի մէջ Հրէիցն վասն բանիցս այսոցիկ։
Եւ ասէին բազումք ի նոցանէ. դեւ գոյ ի նմա՝ եւ մոլեգնի, զի բնաւ լսէք նմա։
Կէսքն ասէին, այսպիսի բանք ոչ դիւահարի են. միթէ դեւ կարէ զաչս կուրի բանալ։
Եղեն յայնժամ նաւակատիքն յԵրուսաղէմ, եւ ձմեռն էր։
Եւ շրջէր Յիսուս ի տաճարին՝ ի սրահին Սաղովմոնի։
Շուրջ եղեն զնովաւ Հրեայքն՝ եւ ասեն. մինչեւ յերբ թափես զոգիս մեր, եթէ դու ես Քրիստոսն՝ ասա մեզ համարձակ։
Պատասխանի ետ նոցա Յիսուս՝ եւ ասէ. ասացի ձեզ՝ եւ ոչ հաւատայք ինձ, զգործսն զոր ես գործեմ յանուն հօր իմոյ՝ նոքին վկայեն վասն իմ։
Այլ դուք ոչ հաւատայք, զի չէք յոչխարաց անտի իմոց։
Ոչխարք իմ ձայնի իմում լսեն, եւ ես ճանաչեմ զնոսա, եւ զկնի իմ գան
Եւ ես տամ նոցա զկեանսն յաւիտենականս. եւ մի կորիցեն ի յաւիտեան. եւ մի ոք յափշտակեսցէ զնոսա ի ձեռաց իմոց։
Հայրն իմ որ ետ ինձ զնոսա՝ մեծ է քան զամենայն, եւ ոչ ոք կարէ յափշտակել ի ձեռաց հօր իմոյ։
Ես եւ հայր իմ մի եմք։
Վէմս առին Հրեայքն՝ զի քարկոծ արասցեն զնա։
Պատասխանի ետ նոցա Յիսուս. բազում գործս բարիս ցուցի ձեզ ի հօրէ իմմէ. վասն որոյ գործոյ ի նոցանէ քարկոծ առնէք զիս։
Պատասխանի ետուն նմա Հրեայքն. վասն բարւոյ գործոյ ոչ առնեմք զքեզ քարկոծ, այլ վասն հայհոյութեան. եւ զի դու մարդ ես, եւ զանձն քո Աստուած առնես։
Պատասխանի ետ նոցա Յիսուս. ոչ յօրէնսն ձեր գրեալ է. ես ասացի թէ աստուածք իցէք։
Իսկ եթէ զնոսա աստուածս ասէ, առ որս բանն Աստուծոյ եղեւ. եւ չէ մարթ եղծանել գրոյն.
Իսկ զոր հայր սրբեաց՝ եւ առաքեաց յաշխարհ, դուք ասէք՝ թէ հայհոյես. զի ասացի՝ թէ որդի Աստուծոյ եմ։
Եթէ ոչ գործեմ զգործս հօր իմոյ. մի հաւատայք ինձ.
Ապա թէ գործեմ, թէ եւ ինձ ոչ հաւատայք, սակայն գործոցն հաւատայցէք. զի գիտասջիք եւ ծանիջիք՝ եթէ հայր յիս, եւ ես ի հայր։
Դարձեալ խնդրէին զնա ունել, եւ ել ի ձեռաց նոցա։
Եւ գնաց միւսանգամ յայն կոյս Յորդանանու, ի տեղին ուր էր Յովհաննէս զառաջինն՝ եւ մկրտէր. եւ անդ լինէր։
Եկին բազումք առ նա՝ եւ ասեն. զի Յովհաննէս նշան ինչ ոչ արար։
Բայց զամենայն զոր ասաց Յովհաննէս վասն նորա՝ ճշմարիտ էր. եւ բազումք հաւատացին ի նա անդ։